Ներկայումս Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը, վստահաբար, առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության, Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ անցյալ ունեցող երկկողմ հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմության ընթացքում ունեցել են զարգացման անշեղ ուղի:
Փաշինյանն ընդգծել է երկրների հանձնառությունը՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
«Հայաստանն ու Իրանը, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով, շարունակում են աշխարհին ներկայանալ որպես փոխվստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրների լավագույն օրինակ: Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»,-Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։
Վարչապետը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումները կլինեն շարունակական՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության։