Կրեմլը Երևանից ակնկալում է երաշխիքներ, որ Հայաստան գալու պարագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով չի ձերբակալվի, հաղորդում է «Интерфакс»-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը The Telegraph-ին տված հարցազրույցում, ըստ որի՝ «եթե Պուտինը գա Հայաստան, ինքը չէ, որ որոշում է ՄՔԴ-ի պատժամիջոցով նրա հնարավոր ձերբակալության հարցը»:
«Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ընդգծել Է Պեսկովը։
Փետրվարի 11-ին The Telegraph-ի թղթակիցը Փաշինյանին հարցրել էր, թե Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կարո՞ղ է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան գալուց առաջ Փաշինյանը նրան չձերբակալվելու երաշխիքներ չի տա։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր, որ «Վլադիմիր Վլադիմիրովիչն իր խորհուրդների կարիքը չունի»։ Փաշինյանը հավելել էր, որ «ինքը չի որոշում՝ ում կալանավորել, ում՝ ոչ»։
2023-ի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կանոնադրությանը 2024 թվականի փետրվարի 1-ին։ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՄՔԴ Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
ՌԴ խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։