Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության հայտարարության՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հերքել էր նաև հակառակորդի հայտարարությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ն կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: