Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով երկու անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան, հայտնել է ՔԿ-ն:
Առաջին վարույթով պարզվել է, որ Վայոց ձորում 1,15 հեկտար հողատարածքի վարձակալը, որը մասնակցել է «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակելու ինտենսիվ պտղատու արգիների և հատապտուղների հիմնման համար պետության աջակցության» ծրագրին, հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ծախսերի 50% փոխհատուցում ստանալու ակնկալիքով խաբեությամբ նախարարություն է ներկայացրել կեղծ պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կողմը պարտավորվել է հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10 422 450 ՀՀ դրամ։
Անձը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել:
Անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ` պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Մյուս քրեական վարույթով ՔԿ-ն պարզել է, որ Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ն կեղծ փաստաթղթեր է ներկայացրել նախարարություն: Նա համաձայնվել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի կազմման և օգտագործման միջոցով պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Արագածոտնի մարզում վարձակալած հողամասում Ս․Ղ․-ի կողմից ընկուզենու ինտենսիվ պտղատու այգի հիմնելու նպատակով նախարարություն են ներկայացվել կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների, այնպես էլ՝ իրականում կատարված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:
Ս.Ղ.-ին փոխանցվել է 58 500 000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ, հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին և 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Ս․Ղ․-ին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև ութ տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով) համաձայն:
Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։