«Ջերմուկ Գրուպը»-ը բացառել է իրենց գործարանում շշալցված «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի շշի մեջ քացախաթթվի առկայությունը, Armenia Today-ին հայտնել է ընկերությունը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի՝ Մենյայլոյի մահվան դեպքին։ Դեպքից հետո «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների իրացման կասեցման մասին։
«ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի (կերակրափողի ենթադրյալ այրվածք) առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտություններ են իրականացվել, որոնք փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերի պահանջներին»,- նշել է ընկերությունը։
Ընկերությունն իր հայտարարությունում ընդգծել է, որ հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործում։
«Արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունն, ըստ իրենց առկա բնութագրիչների, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի»,- նշել է «Ջերմուկ Գրուպը»։
Ընկերությունը պարզաբանել է, որ «Ջերմուկի» շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։
«Բացի այդ, 25 000 շիշ/ժամ արտադրողականության դեպքում քացախաթթվի իբրև հայտնաբերումը մեկ շշի մեջ լիովին հակասում է ավտոմատացված արտադրության գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը»,- ասված է հայտարարությունում։
Ընկերությունը համոզված է, որ իրավապահների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» ջրի և ՌԴ բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև։
«Ջերմուկ Գրուպն» ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ սոցիալական կայքերում տարածված տեսանյութերում առկա չէ որևէ հիմնավորող դրվագ, որով կապացուցվեր, որ անձի առողջության վատթարացումը հաջորդել է «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ սեղանի ջուրը խմելուն։
«Առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր «Ջերմուկ» բնական հանքային ջրում սահմանված բաղադրությունից շեղվող նյութի առկայությունը և դրա բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա»,- հավելել է ընկերությունը։
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն փետրվարի 12-ին իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել «Ջերմուկ» հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո։ Նա նշել էր, որ ջրի փոխարեն շշի մեջ քացախ է եղել։
Հանքային ջրի շշի մեջ պարունակվող հեղուկից կերակրափողի այրվածք ստացած տղամարդը մահացել էր փետրվարի 13-ին՝ հիվանդանոցում։