«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով, դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ քաղաք Երևան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող «Հրազդան» մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը:
«Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը, սակայն ուսումնասիրության նյութերում առկա չի եղել նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
2005 թվականի հունվարի 7-ին ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին։ 2010 թվականին ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունները:
2015 թվականին «Հրազդան Կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019-ին ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։
«Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ կառավարությունը շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով: