ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել ենք, որ ներկայիս պայմաններում և այս իրավիճակում Արցախ վերադարձը հնարավոր չէ, սակայն չենք հաշտվելու Արցախը կորցնելու մտքի հետ, պահանջելու ենք միջազգային իրավունքով տրված վերադարձի իրավունքի պատշաճ իրացման հնարավորություն, փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ այցի ընթացքում մասնակցել են «Միջազգային կրոնական ազատության» համաժողովին, որը կարևոր հարթակ էր խոսելու Արցախում հայկական հոգևոր և պատմամշակությաին ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։
«Մեր այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալ, ասել, որ մենք Արցախի թեման փակված չենք համարում։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլևս չպետք է խոսեն կամ նրանց իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ, որովհետև, ցավոք, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ ԱՄՆ-ում թե՛ հայկական Սփյուռքին, թե՛ ամերիկյան շրջանակներին այս կարևոր ուղերձ հասցնելը խնդիր է»,- նշել է Ստեփանյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ հանդիպումներ են եղել նաև շուրջ 60 կոնգրեսականների և սենատորների հետ, որոնց մոտ արցախահայերին վերաբերող մի շարք հարցեր են բարձրաձայնվել․ «Ասել ենք, որ ՀՀ-ում գտնվող Արցախի ժողովուրդը, որպես փախստական, կենցաղային ծանր պայմաններում է, պատշաճ աշխատանքի հնարավորություն չունի։ Այս իրավիճակը նպաստում է, որ Արցախի հայերը թողնեն Հայաստանը։ Դա կանխելու համար անհրաժեշտ է միջազգային գործուն աջակցություն ՀՀ-ին և Արցախի ժողովրդին»։
Ստեփանյանը նշել է, որ կոնգրեսականների ուշադրությունն են հրավիրել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
«Այստեղ հատուկ շեշտադրվել է, որ, ցավոք, առկա չէ անգամ այդ անձանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին հստակ և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու խողովակ»,- ասել է նա։
Ստեփանյանը հավելել է, որ հանդիպումների ժամանակ անդրադարձել են հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։
Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել պատգամավորական մանդատը․ ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը և վայր դնել պատգամավորական մանդատը, գրել է «Ժողովուրդ»-ը։...