ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Վարդենիսի անձնագրային բաժինը տեղափոխելու փաստը բնակավայրերը «հանձնելու» մտադրության հետ կապելու մասին խոսակցությունները։
Կառավարության փետրվարի 15-ի նիստում նա ասել է, որ կառուցվող առողջապահական կենտրոնների, դպրոցների ու մանկապարտեզների մասին չեն խոսում, սակայն օպտիմալացման ծրագիրը կապում են հողեր հանձնելու հետ։ Այս մասին փետրվարի 12-ին ասում էին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով չփակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը և չմիացնել Մարտունու բաժնին:
Նա հավելել է, որ լուրեր են տարածվում միայն մեկ հիմնարկի փակման հիմքով, մինչդեռ նույն տարածքում մանկապարտեզներ են բացվում, ճանապարհներ են կառուցվում։
«Որ այդտեղ առողջապահական կենտրոն են կառուցում, էդ հեչ, որ այդտեղ դպրոց են կառուցում, էդ հեչ, մանկապարտեզ են կառուցում՝ էդ հեչ, որ էդտեղ ջրագիծ են կառուցում՝ էդ հեչ, ճանապարհ են կառուցում՝ էդ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրայինի բաժիններն են։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում 6 հատ բացենք և ասենք՝ արա՛, այս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ՝ անձնագրային։ Ամենուր, ամեն անկյունում նաև ԺԵԿ-եր բացենք ու ասենք՝ կառավարությունն իր անելիքն ավարտեց: Բայց ո՞նց կարելի է տենց բան անել»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ կադաստրի բաժանմունքի փակումը կապված է համակարգի թվայնացման հետ․ «Փակվեց, որովհետև ուզում ենք համակարգչով լինի այդ ամենը, մարդիկ չգնան, օրերով հերթ կանգնեն, տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրեն»:
Վարչապետը նշել է, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն օպտիմիզացիայի վրա, այլ նաև ամեն ինչ անում են, որ մարդիկ անձնագրային բաժին գնալու կարիք չունենան, օրինակ՝ նախկինում գնում էին 1000 դրամանոց կնիք խփելու, հիմա դրա կարիքը չկա։
Փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով չփակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը։
Մանրամասները՝ տեսանյութում։