ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձանց, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել, հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ։
«Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության մասին, նշել նաև խմելու ջրի որակի մասին»,- հայտնել են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ հացադուլի պատճառը նշված խնդիրներն են։
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրել են, որ առանձնազրույցների արդյունքներով քննարկումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։