The Geopolitics-ը գրել է Եվրաասիական ռազմավարական դաշինք ստեղծելու համար Հայաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ներուժի մասին։
Պարբերականը նշել է, որ գործընկերությունը կարող է զարգանալ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ։
«Ֆրանսիայի, Հնդկաստանի և Հայաստանի միջև նման դաշինքը կհիմնվի ազգային անվտանգության ընդհանուր նպատակների վրա և կլուծի համաշխարհային մակարդակի մարտահրավերները՝ ավելի ամրապնդելով նրանց ռազմավարական նպատակները: Ֆրանսիան և Հնդկաստանը, իրենց զարգացած պաշտպանական ներուժով, լրացնում են Հայաստանի ցանկությունը՝ ընդլայնելու իր ռազմական դաշինքները»,- ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակ Հրիդեյ Սարման նշել է, որ ԱՄԷ-ի հետ Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև արդեն կա համագործակցության եռակողմ մոդել, որը կարող է կրկնօրինակվել Հայաստանի հետ՝ ստեղծելով նոր ռազմավարական առանցք։ Բացի այդ, հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համաձայնեցրել է պաշտպանական արդյունաբերության ճանապարհային քարտեզը և քննարկել համագործակցությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հավելել է նա:
Սարման նոր եռակողմ գործընկերությունը բնութագրել է որպես ռազմավարական շրջադարձ՝ երկկողմ հարաբերություններից դեպի գլոբալ մարտահրավերներին ինտեգրված մոտեցման:
«Դա ներկայացնում է երեք երկարաժամկետ նպատակների սերտաճում՝ Ֆրանսիայի կողմից Հնդկաստանի գլոբալ դերի հաստատումը, Հնդկաստանի տեխնոլոգիական բեկումը Հայաստանում և Հայաստանի ցանկությունը եվրաինտեգրման համար»,- բացատրել է հեղինակը:
The Geopolitics-ը հավելել է, որ եռակողմ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա նաև երկրների տնտեսությունների վրա։ Ֆրանսիայի ներդրումային փորձը, Հնդկաստանի տեխնոլոգիական և շուկայական հնարավորությունները և Հայաստանի ռազմավարական դիրքն ստեղծել են ընդհանուր տնտեսական աճի դինամիկ շրջանակ, որը ներառում է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և կայուն էներգիայի հնարավորությունները, ամփոփում է ամսագիրը։
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը սպառազինության մատակարարման ոլորտում ՀՀ-ի հիմնական գործընկերներ էր անվանել Հնդկաստանին ու Ֆրանսիային։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։
2023 թվականի հունվարին հաղորդվել էր հայկական կողմից հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերի հնարավոր գնման մասին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել էին նաև ռազմական համագործակցության փաստաթղթեր և պայմանավորվել զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման մասին։ 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը երկրի իշխանություններին առաջարկել էր քննարկել Հայաստանին «CAESAR» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման հարցը։