Ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին, հայտնում է Արցախի հուշարձանների մշտադիտարկում իրականացնող Monument watch նախագիծը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմն սկսել է նպատակուղղված կերպով օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացնել և վերացնել խորհրդային տարիներին և վերջին 30 տարիներին քաղաքում կանգնեցված արձանները և կիսանդրիները:
«Այս քայլով ադրբեջանական կողմը ապամշակութայնացնում է Ստեփանակերտը, հեռացնում է քաղաքի հայկականության և մշակութային ժառանգության խորհրդանիշերը»,- գրում է նախագիծը։
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է, այն տեղադրվել էր 2018 թվականին։ Ադմիրալ Իվան (Հովհաննես) Իսակովը Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, ադմիրալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան:
2023թ. նոյեմբերին նախագիծը հայտնել էր, որ Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը:
Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել է Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: