Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը։ Առաջին անգամ Հայաստանում գրքի տոնը նշվել է 2008 թվականին՝ այն ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։
Այդ օրը մեր երկրում անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ, ընթերցանության ժամեր և հանդիպումներ գրողների հետ։ Նաև հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ մարդիկ իրար գրքեր են նվիրում՝ խթանելով ընթերցանությունը։
Օրվա կապակցությամբ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որո՞նք են նրանց ամենասիրելի գրքերը, վերջին կարդացած գրքերը և թե ի՞նչ լեզվով ու տարբերակով են սիրում ընթերցել։
Հարցված քաղաքացիների մեծ մասը նշում է, որ, ցավոք, ժամանակի սղության պատճառով շատ կարդալ չի ստացվում, բայց ընթերցելիս սիրում են իրական գիրքը շոշափելով կարդալ։
«Վերջին կարդացածս գիրքը Կոբո Աբեն է, իսկ սեղանի սիրելի գրքերը՝ Ռեմարկ, Հեմինգուեյ։ Հիմա երբեմն ստիպված օնլայն եմ կարդում, բայց, հիմնականում, սիրում եմ հենց գիրքը, որոնցից տանը շատ ունեմ։ Հայերենով եմ սիրում ընթերցել, բայց երբեմն ինձ ստիպում եմ անգլերենով կարդալ»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Հարցված քաղաքացիներից մյուսի խոսքով՝ սիրում է հայերեն կարդալ, իրական գրքեր, ոչ թե օնլայն տարբերակով։
«Վերջինը Ռոբին Շարմա եմ ընթերցել, բայց, առհասարակ, ժամանակը քիչ է, և հատընտիր գրքեր կան, որոնց համար ժամանակս բավականացնում է»,-հավելեց նա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ամեն օր Աստվածաշունչ է կարդում, նաև սիրում է հայ ժամանակակից գրականություն։
«Երկար տարիներ Անգլիայում եմ ապրել, հայերեն գրքերն անհասանելի են եղել, ուստի սովորել եմ օնլայն ընթերցել։ Կարդում եմ հայերենով և անգլերենով»,- ասաց նա։
Armenia Today-ը 2023 թվականի փետրվարի 21-ին այցելել էր գրախանութներ, հրատարակչությունների տոնավաճառներ և պարզել ընթերցասերներից, թե ինչ է կարդում ժամանակակից Երևանը: