Բաքվում հանդիսավոր դիմավորել են արցախցու դաժան սպանության համար Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքու վերադառնալուց հետո Զեյնալլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՊՀ-ն անվանել «թույլ կառույց»։
Զեյնալլիին ձերբակալել էին փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա փաստաբան Ալեքպեր Գարաևի խոսքով՝ Հայաստանը Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին (2020 թվականի արցախյան պատերազմի 2-րդ օրը-խմբ.) և ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ) և 147 (վարձկան հավաքագրելը) հոդվածներով։
ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Զեյնալլիի նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով՝ չմանրամասնելով, թե հանցանքի համար Հայաստանի ՔՕ-ի կոնկրետ որ հոդվածներով է մեղադանք առաջադրվել։ Զեյնալլին ազատ էր արձակվել փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ:
Իրադարձությունները զարգանում են Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ Ռամիլ Սաֆարովի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց 20 տարի անց։ Ալիևին հաջողվել էր բանակցել Հունգարիայի հետ, ազատ արձակել ոճրագործ Սաֆարովին, ապա նրան հերոս հռչակել։