ՀՀ ՆԳՆ-ն արցախցուն սպանած ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստում, որը կփոխանցվի ՌԴ իրավապահ մարմիններին, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հետախուզվողի՝ ՌԴ-ում ազատ արձակմանն ու Բաքու վերադարձին։
«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։
Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,-հայտնել է Սարգսյանը։
Փետրվարի 22-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Զեյնալլիին Բաքվում հանդիսավոր դիմավորելու արարողության մասին։ Նրան ձերբակալել էին փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Զեյնալլիի փաստաբան Ալեքպեր Գարաևը հայտնել էր, որ Հայաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին (2020 թվականի արցախյան պատերազմի 2-րդ օրը-խմբ.)։ ՀՀ ՆԳՆ խոսնակը Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Զեյնալլիի նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով։ Նրան ազատ էին արձակել փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ: