Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին ազատ են արձակել՝ նրան անազատության մեջ պահելու հիմքերը վերանալու հիմքով, ուղիղ եթերում հայտնել է Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Նրան մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, և ներկա դրությամբ նա արդեն ազատ է»,- մանրամասնել է Երիցյանը:
Նրա խոսքով՝ ո՛չ բնակարանի, ո՛չ մեքենայի, ո՛չ անձնական խուզարկությամբ նրա մոտ թմրանյութերի հետ առնչվող որևէ իր չի հայտնաբերվել:
«Անտրամաբանական էր թմրանյութերի իրացման կամ պահելու մեջ կասկածել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոնին և փորձել նրա նկատմամբ շինծու կասկածանք հայտնել»,- ընդգծել է փաստաբանը:
Դանիելյանը, իր հերթին, հայտարարել է, որ ցանկացել են իրեն կեղծ մեղադրանք առաջադրել, որը չի ստացվել։
Արցախի նախագահը «շինծու» էր անվանել իր թիկնապահի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Նա պատասխանատու ուժային մարմիններին կոչ էր արել կարճ ժամանակում լուծել ձերբակալված Դանիելյանին ազատ արձակելու հարցը։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փետրվարի 21-ին Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ փետրվարի 20-ին Երևան քաղաքի Աբովյան 25 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով մեկ անձ է բերման ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել։ Նա Շահրամանյանի թիկնազորի աշխատակիցն է, որի նկատմամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել։