Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական «զոհն են» դարձել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ-ն: Ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվել:
Կազմակերպությունն ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր է արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ:
2023թ. նոյեմբերին նախագիծը հայտնել էր, որ Ադրբեջանը տապալել էր Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը:
Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել է Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին:
Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: