Հայաստանի իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին զգուշացրել են զերծ մնալ քայլերից, որոնք կարող են զայրացնել Իլհամ Ալիևին, սակայն նա անտեսել է դրանք՝ Արցախի իշխանությունների հետ Արցախյան շարժման 36-ամյակին այցելել Եռաբլուր, հանդես եկել հայտարարություններով, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ «արցախցիների դեմ ՀՀ իշխանությունների հակակրանքի սրացումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն ենթարկվել վերևից իջած հրահանգներին»:
«Արցախի տեղեկատվական շտաբում արցախյան շարժման հիմնադիրների մասնակցությամբ հավաք է անցկացվել, և կոշտ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին»,- հավելել է թերթը։
Փետրվարի 21-ին թմրանյութերի իրացման կամ պահելու կասկածով Երևանում ձերբակալել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Հովհաննիսյանին, իսկ Շահրամանյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Արցախի նախագահը «շինծու» էր անվանել իր թիկնապահի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Փետրվարի 22-ին Հովհաննիսյանն ազատ էր արձակվել։