Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի, հայտնում է ՀՅԴ կուսակցությունը:
Նշում են, որ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը փետրվարի 25-ին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի հիշատակ 1988-ի հայկական ջարդերի զոհերի։ Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Նրանք նշել են, որ այս բոլոր իրադարձություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայ քաղաքականության դրսևորումներ են։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:
Փետրվարի 10-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտը», որը նախատեսում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցում: