Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը կայանա, ապա այն պետք է լինի տարածաշրջանային։ Այս մասին Սիմոնյանը հայտարարել է ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի հնարավոր այցը Երևան։
Խորհրդարանականը հավելել է, որ ներկայումս տեղեկություն չունի Զելենսկու այցի մասին։
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնք հերքում են Ուկրաինայի նախագահի մարտին Ադրբեջան կատարելիք այցը, Սիմոնյանն ասել է. «Ես միշտ զարմանում եմ, որ ադրբեջանական լրատվամիջոցների կամ պաշտոնյաների հայտարարությունները ձեզ համար վերջին ճշմարտություն են։ Իսկ եթե պարզվի, որ նա [Զելենսկին] գնում է Ադրբեջան՝ ինչ եք ասելու»։
Factor TV-ն փետրվարի 23-ին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մարտին Հայաստան հնարավոր այցի մասին։ Կայքը պարզաբանել էր, որ ներկայումս նախապատրաստվում է Զելենսկու այցը, սակայն այցի վերջնական ժամկետները դեռ չեն հաստատվել։
Ինչպես ավելի ուշ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, Ուկրաինայի նախագահի այցը Երևան, հավանաբար, կկայանա մարտի 4-ին, իսկ Զելենսկին այցելելու է նաև Բաքու՝ տարածաշրջան իր առաջին այցի շրջանակներում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Զելենսկու առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։