Ֆրանսիայի ոստիկանությունն 88-ամյա դերասան Ալեն Դելոնի տնից 72 միավոր հրազեն և ավելի քան 3000 փամփուշտ է առգրավել, հայտնել է Le Parisien-ը։
Ըստ աղբյուրի՝ դերասանը զենք պահելու թույլտվություն չի ունեցել։
«Իրավապահներն ապօրինի զենք պահելու և առաջին կարգի հրազենի ապօրինի ձեռքբերման ու պահպանման հոդվածներով նախաքննություն են իրականացնում»,- հայտնել է ԶԼՄ-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ խուզարկությունն իրականացվել է այն բանից հետո, երբ դերասանի աղջիկը՝ Անուշկա Դելոնը, Elle ամսագրին տված հարցազրույցում պատմել է զենքի հանդեպ հոր մեծ սիրո մասին: Նա նաև խոստովանել է, որ իր եղբայրները հոր մոտ այցելելիս «տանը զինված են շրջում»։
Դերասանի խնամակալ Հիրոմի Ռոլենը հայտնել է, որ իշխանություններն ստիպված են եղել առգրավել դերասանի զենքի հավաքածուն՝ հաշվի առնելով նրա առողջական ու հոգեբանական խնդիրները։
2022-ին Դելոնը հայտարարել էր էվթանազիայի դիմելու մտադրության մասին։