Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Մուրադ Փափազյանին երկու տարի առաջ «պերսոնա նոն գրատա» ճանաչելու որոշումը, գրել է «Հրապարակ»-ը։
Փափազյանը թերթին պատմել է, որ Մակրոնը Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել ու «բարկացել» նրա վրա, ինչից հետո Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ-ին կդիմի, որ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտը չբողոքարկեն։
2022 թվականի հուլիսին Փափազյանի մուտքը Հայաստանի տարածք արգելվել էր, նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Հունվարի 22-ին վարչական դատարանն ԱԱԾ-ին պարտավորեցրել էր հանել նրան «պերսոնա նոն գրատայի» ցուցակից։
Թերթի տեղեկություններով՝ Փափազյանի հետ նույն օրը վարչական դատարանը բավարարել էր նաև կանադահայ Մասիս Աբրահամյանի հայցադիմումը, սակայն այս երկու դաշնակցականների պաշտպան Սիրանուշ Սահակյանը դեռևս միայն Աբրահամյանի օգտին կայացված վճռի վերաբերյալ ԱԱԾ բողոքի մասին տեղեկություն ունի։
«Այսինքն՝ ԱԱԾ-ն Մասիս Աբրահամյանի մասով բողոքարկել է, իսկ Մուրադ Փափազյանի մասով՝ դեռևս հայտնի չէ»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ եթե պարզվի, որ ԱԱԾ-ն Փափազյանի մասով չի բողոքարկել առաջին ատյանի վճիռը, իսկ Մասիս Աբրահամյանի մասով բողոքարկել է, ապա ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Փաշինյանի վրա Մակրոնի բարկանալը որոշակի ազդեցություն է թողել։