«Վիվա ՄՏՍ»-ի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն իր բաժնետոմսերի 20%-ը փոխանցել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ընկերության բաժնետոմսերն ընդունելու մասին որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 29-ի նիստում։
Ընկերությունը, որը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550 000 բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր, փետրվարի 16-ի նիստում որոշել է ՀՀ-ին փոխանցել ընկերության 20 տոկոսին համարժեք՝ 110 000 ընդհանուր թվով բաժնետոմսերը:
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը խրախուսում է բաց բաժնետիրության անցնելու ընկերությունների պատրաստակամությունը։
«Մենք պետք է ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունը և մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում։ Այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցման և մի շարք ռազմավարական ոլորտներ։ Մենք բազմիցս ենք ասել որ պետք է մեր քաղաքականությունը վարենք այնպես, որպեսզի այդ ընկերություններն իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգը ներդնեն բորսայական համակարգով»,- ասել է Փաշինյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում այսօր չկա մի ընկերություն, որի բաժնետոմսերը միջազգային բորսայում հնարավոր չլինի գնել։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը, ընդունելով ընկերության նվիրատվությունը, այլ ընկերությունների հղում է անում բաց բաժնետիրական քաղաքականություն վարել։ Ըստ վարչապետի՝ դա նաև նշանակում է 100 տոկոսով թափանցիկություն։
«Ամենայն հարգամքով՝ ես չեմ կարծում, թե մի երկիր կա, որն ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն՝ որպես 100 տոկոս սեփականություն, և մենք էլ առանձնապես գաղափար չունենանք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բացառվում է, նման բան չի կարող լինել»,- ասել է վարչապետը
Հունվարի 25-ին հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստանի» նոր բաժնետերն ընկերության բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցի ՀՀ-ին։ Ընկերությունում նշել էին, որ Վիվա-ՄՏՍ-ը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել, և նոր բաժնետերը Կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
2022 թվականի օգոստոսի 24-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ 7 տոկոսն անցել էր Հայաստանի Հանրապետությանը՝ դարձնելով նրան կոմբինատի 21,875 տոկոսի բաժնետեր։
Հունվարի 18-ին կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել էր «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերը։