Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության միջադեպերի հստակ նվազում է նկատում, նրա խոսքով՝ իրենց գործունեությունը հայ ժողովրդի մոտ անվտանգության զգացում է առաջացնում: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք Ադրբեջանի հետ ամբողջ սահմանի երկայնքով պարեկային ծառայություն ենք իրականացնում: Առաքելության սկզբից ի վեր ավելի քան 700 պարեկային գործունեություն ենք կատարել»,- հավելել է նա:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ համագործակցում են ուժի չկիրառման սկզբունքի հիման վրա: «Պետք է երկխոսություն լինի, և այս համատեքստում պատրաստ ենք օգտագործել այն գործիքները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում մշակել է Եվրամիությունը»,- ընդգծել է դեսպանը:
Մարագոսի խոսքով՝ խաղաղության եվրոպական գործիքակազմի նպատակն է խթանել պաշտպանական կարողությունները, զարգացնել կապի ուղիները, ենթակառուցվածքները:
Դեսպանն անդրադարձել է նաև Արցախից բռնի տեղահանվածներին՝ աջակցություն հայտնելով վերջիններիս բնակարանով, աշխատանքով ապահովելու ծրագրերին:
2023թ. փետրվարին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում ընդլայնել դիտորդական առաքելությունը: