«Հրապարակ» օրաթերթը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականը կապել է երկու հնարավոր պատճառների հետ։
Ըստ առաջին վարկածի՝ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի հետ Մարուքյանի անհամաձայնություններն առաջացել են Արցախի անկումին հաջորդած ամիսներին։
«Խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Մարուքյանը, թերևս, հավատալով փաշինյանական թեզին՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», հույս է ունեցել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո միջազգային երաշխիքները կգործեն, արցախցիների անվտանգության և իրավունքների հարցը կլուծվի, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Արցախի կորստից հետո անգամ Փաշինյանը չի վերանայել իր քաղաքականությունը, և դրա հետևանքն այն է, որ վերջին ամիսներին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այլ ընթացք են ստացել»,- գրել է թերթը։
Ըստ լրատվականի՝ Մարւքյանն արձանագրել է, որ Արևմուտքը չի կատարել իր խոստումները, ոչ միայն Արցախը չենք պահել, այլև սակարկման սեղանին Հայաստանն է, Արևմուտքի թողտվությամբ Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին, որոնց հակադրվելու փորձ չի արվում։
Վարկածներից մյուսով՝ Մարուքյանի հրաժարականը պայմանավորված է առաջիկա քաղաքական զարգացումներով՝ Փաշինյանը Մարուքյանի քաղաքական թիմի միջոցով կառավարվող և կանխատեսելի ընդդիմություն է ձևավորում։
«Ըստ այդմ՝ Փաշինյան-Մարուքյան զույգը փորձում է «ֆեյք հակասություններ» ձևավորել, որ հաջորդ ընտրություններին Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» կարողանա դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և խորհրդարան մտնել: Պարզ ասած` Փաշինյանը կառավարվող և կանխատեսելի ընդդիմություն է ձևավորում»,- գրել է թերթը։
Հիշեցնենք, որ Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում էր գրել փետրվարի 29-ին՝ պատճառաբանելով մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և իշխանությունների տեսլականների տարբերությունները։ Նա այդ պաշտոնն ստանձնել էր 2022-ի մարտին։