Գերմանական ARD հեռուստաընկերությունը ռեժիսոր և հետաքննող լրագրող Դանիել Հարիսի հետ միասին նկարահանել է «Անդունդի եզրին» (Am Abgrund) ֆիլմը՝ Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգի և Բաքվում կոռուպցիոն սխեմաների մասին, հաղորդում է Global Voices-ը։
«Չնայած ֆիլմը գեղարվեստական է, այն հիմնված է մի շարք հետաքննությունների վրա, որոնք կոչվում են «Ադրբեջանական լվացքատուն» և այն մասին է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը կաշառել Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչներին»,- գրել է հարթակը և հիշեցրել 2017 թվականին հրապարակված հետաքննությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կառավարության՝ գաղտնի հիմնադրամի հետ համագործակցությանը՝ եվրոպացի քաղաքական գործիչներին 2,9 միլիարդ դոլարի կաշառք տալու նպատակով։
Հարիսի ֆիլմը կլրացվի դեռևս չթողարկված վավերագրական ֆիլմով, որը նոր լույս կսփռի Ադրբեջանում քաղաքական կապերի և կոռուպցիայի ցանցի վրա: Ռեժիսորը Global Voices-ին պատմել է, որ ֆիլմի շատ տեսարաններ նկարահանվել են Վրաստանում, քանի որ Ադրբեջանը թույլտվություն չի տվել նկարահանել երկրում։
«Անդունդի եզրին» ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 20-ին՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, իսկ ցուցադրությունից հետո հեռուստադիտողները քննարկել են կոռուպցիոն սկանդալները և այն քայլերը, որոնք գերմանացի քաղաքական գործիչները ձեռնարկում են դրանք կանխելու համար։ Հաղորդման հյուրերի թվում էր նաև Ֆրենկ Շվաբեն, ով հունվարին վիճարկել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Եվրոպական կայունության նախաձեռնության նախագահ Ջերալդ Քնաուսի խոսքով՝ «ֆիլմի ցուցադրման ժամկետն ավելի լավ չէր կարող լինել»՝ հաշվի առնելով Բաքվի և Եվրախորհրդի կառույցների միջև հարաբերությունների վատթարացումը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը չկատարելը կարող է հանգեցնել կազմակերպության անդամությունից երկրի վերջնական հեռացմանը։
Մյունխենի դատախազությունը հունվարին մեղադրանքներ էր առաջադրել Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին՝ Բաքվի օգտին կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության համար:
Հունվարի 22-ին ԵԽԽՎ-ն վիճարկել էր ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սեպտեմբերյան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման և քաղբանտարկյալների մեծ թվի հետ կապված։ Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը վեհաժողովում և այդ նախաձեռնությունն անվանել «Ադրբեջանի ներկայիս ընտրական գործընթացին անհիմն միջամտելու փորձ»: Նույն օրը ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։