Մարտի 2-ին բժշկական դիմակներով երկու անհայտ անձ զինված մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակ և կրակել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ նրանք հանդիպել են աշխատակիցների դիմադրությանը, սակայն զենքի բռնակով հարվածել են նրանցից մեկի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք և երկու անգամ էլ քննությամբ դեռևս չպարզված հրազենից կրակոց են արձակել, որից մեկը դիպել է մյուս աշխատաակցի ձախ ոտքի հատվածին, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային վիրավորում։
«Նշված երկու անհայտ անձիք չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել և դիմել են փախուստի։ Տուժող անձինք հարցաքննվել են։ Վերջիններիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները։ Հարցաքննվել են նաև մի շարք անձինք»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ տուժողներից մեկը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ, մյուսը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ գլխի վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնել է քրեական վարույթ: