2024 թվականի հունվար ամսին ադրբեջանցի հնագետները «հետախոզուկան պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջև գտնվող բակում՝ շինությունների առջև, հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ծրագիրը:
Նախաձեռնությունը նշում է, որ 20-րդ դարում ձևավորված հրապարակի առջև փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում: Տողում իրականացված «պեղումների» մասին ընդարձակ տեսանյութ է նկարահանել ադրբեջանական ICTIMAI TV հեռուստատեսությունը: Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նաթիգ Ալիշովը նշում է, որ հետազոտության ընթացքում իրենք փաստել են «տեղի աղվանական հուշարձանների խեղաթյուրումը, վերափոխումը հայերի կողմից»՝ որպես փաստարկ նշելով «աղվանական» բեմի բարձրության, սյուների, խաչերի, կամարների մասին:
Ըստ հնագետի՝ անգամ եկեղեցիների շուրջ գտնվող գերեզմանաքարերը հուշարձանների հետ կապ չունեն: «Այն, որ Արցախի հայկական քրիստոնեական հուշարձաններն աղվանական որևէ հատկանիշ չունեն, մարամասնորեն հիմնավորված է այդ հուշարձաններին նվիրված բազմաթիվ հետազոտություններում: Եվ այն, որ ադրբեջանցի հնագետն ինքն էլ չգիտի, թե ինչ է «աղվանականն» Արցախում, ավելի քան ակնհայտ է»,- նշում է Monument watch-ը՝ ավելացնելով, որ ադրբեջանցին միայն դատարկ հայտարարություններ է անում՝ առանց ապացույցների:
Ապարանքի տարածքը 2009-2011 թվականներին ենթարկվել էր հնագիտական հետազոտության, որի արդյունքում վավերացվել էին կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ:
2023թ. նոյեմբերին Monument watch-ը հայտնել էր, որ Ադրբեջանը «պեղումներ» է սկսել Արքայական աղբյուրների շրջակայքում, որը հայկական արշավախմբի կողմից պեղվել է 2011թ․։