Հայաստանն ու Եգիպտոսը գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության ծրագիր, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը»,- հայտնել են կառավարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Փաշինյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը:
Ֆաթթահ աս-Սիսին 2023 թվականի հունվարին Երևանում հայտարարել էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Կահիրեի պատրաստակամության մասին։