Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ, լրագրողներին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը ՌԴ-ին տեղյակ է պահել իր դիրքորոշման մասին, ըստ որի՝ «Զվարթնոցում» պետք է ծառայություն իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։
«Ծառայությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերել։ Այս պահին Հայաստանն օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու կարողություն ունի»,- հավելել է Գրիգորյանը։
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ վստահ չէ, թե ռուս սահմանապահները կպաշտպանեն Հայաստանի սահմանները, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։ Մարտի 5-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին հաղորդագրությունները։