Կտավատի սերմերը շատ օգտակար են, Doctorpiter-ին պատմել է թերապևտ Օքսանա Դրապկինան։ Բժիշկը հայտնել է, որ սերմերը կարելի է օգտագործել մածունով, կեֆիրով, շիլայով, աղցանով։
Մասնագետի խոսքով՝ կտավատի սերմն առնվազն 5 օգտակար հատկություն ունի։
Նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը
Դրապկինան նշել է, որ մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ճարպակալմամբ և նախադիաբետով տառապող մարդկանց մոտ 3 ամիս կտավատի սերմ ընդունելուց հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազում է նկատվել։
Օգնում է նիհարել
Բժիշկը նշել է, որ ըստ ուսումնասիրությունների՝ կտավատի սերմերի կանոնավոր օգտագործումը նպաստում է մարմնի քաշի նվազեցմանը:
Բարելավում է սրտի և արյան անոթների աշխատանքը
Մանրաթելը և մեծ քանակությամբ ճարպաթթուներն օգտակար են սրտի և արյան անոթների համար: Գիտնականները պարզել են, որ կտավատի սերմերի երկարատև ընդունումը նպաստում է զարկերակային ճնշման և խոլեստերինի մակարդակի իջեցմանը:
Պաշտպանում է քաղցկեղից
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կտավատի սերմում հայտնաբերված հորմոնանման նյութերը կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը և դանդաղեցնել դրա առաջընթացը:
Թեթևացնում է մենոպաուզայի ախտանիշները
Բժիշկը նշել է, որ հորմոնանման նյութերի շնորհիվ կտավատի սերմը կարող է թեթևացնել դաշտանադադարի ախտանիշները։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ, այնուամենայնիվ, դա ոչ մի դեպքում չի կարող փոխարինել նշանակված դեղորայքային թերապիային։