Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ շարժմանը ոչ միայն չի հաջողվել Փաշինյանին հեռացնել երկրի ղեկավարի պաշտոնից, այլ «հենց շարժումն է կարծես փլուզման գնում»:
Օրաթերթի տեղեկություններով՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված տարաձայնություններ ունեն հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Ըստ թերթի՝ Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, «միայն մսխում են հանրային ռեսուրսը», պետք է նոր քայլեր ձեռնարկել: Սարգսյանը համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։ Այսպիսով՝ Ղազարյանը փետրվարի 20-ի ակցիայից հետո տեղի ունեցած ակցիաներին ներկա չի եղել։
Թերթը կապ է հաստատել Ղազարյանի հետ, որն ասել է, որ շարժման ակցիաներին կրկին կմիանա միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն «Ազատության» հրապարակում վերջին հանրահավաքն անցկացրել էր փետրվարի 29-ին։ Հաջորդ հավաքն սպասվում է մարտի 13-ին։