Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հայ ակտիվիստ Բեդիկ Կիրակոսյանին և մեկ ամսով արգելել նրան մուտք գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ», ասել է թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։
«Դատավարությունից հետո Բեդիկը հինգշաբթի՝ մարտի 7-ին, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, նրան 30 օրով արգելվում է մոտենալ «Կովերի պարտեզին»,- գրել է Բալյանը։
Նա չի հստակեցրել Երուսաղեմի Մոսկոբի բանտ ուղարկված Կիրակոսյանի ձերբակալության պատճառը։ Բալյանի խոսքով՝ ակտիվիստն «ավելի քան 120 օր, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր» մասնակցել է թաղամասի մի հատվածի պաշտպանությանը, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։
Իսրայելի ոստիկանությունը Կիրակոսյանին ձերբակալել էր նաև 2023 թվականի դեկտեմբերի 28-ին այն բանից հետո, երբ շուրջ 30 դիմակավորված սադրիչ «Կովերի պարտեզի» տարածքում հարձակվել էր հայերի վրա։ Կիրակոսյանը և նրա հետ ձերբակալված Փոլ Ջերնազյանն ազատ էին արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 30-ին։