Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն, շեշտում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող «Monument watch» նախագիծը:
Բացի այդ, նշում են նախագծի անդամները, այս շենքն իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որը երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Կայքը փաստում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը:
Ազգային ժողովի շենքը կառուցվել էր 2003-2007 թվականներին՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որի ծավալի մի մասը վերակառուցվել և ներառվել էր Ազգային ժողովի շենքի ծավալում:
Ադրբեջանական լրատվական ալիքները ևս անդրադարձել են այս թեմային, միայն թե հրճվանքով՝ շեշտելով, որ շենքն անջատողականության խորհրդանիշ է:
Ադրբեջանական կողմն ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման էր հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:
Ազատամարտիկների միությունը հիմնվել էր 2000 թվականին, այն ուներ ավելի քան 10 հազար անդամ: Միությունը հասարակական կազմակերպություն էր, որի նպատակն էր միավորել Արցախյան պատերազմի մասնակիցներին, օգնել և օժանդակություն ցույց տալ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միության կարևորագույն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետությանը:
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: