Մեծ Բրիտանիան ճանաչում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին որոշումը և Ռուսաստանից բխող պատասխան գործողությունների սպառնալիքների դեպքում կաջակցի Հայաստանին՝ համագործակցելով եվրաատլանտյան դաշնակիցների հետ, հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին։
«Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը (ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարություն-խմբ․)՝ որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում»,- հայտարարել է Հիպին։
Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ համագործակցության խորացման հնարավորությունների որոնման հարցում Լոնդոնը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։