Ադրբեջանում 1980-ականներին հալածված հայի մասին ֆիլմը՝ «Վերանորոգման վերջին խանութը», արժանացել է «Օսկար»-ի՝ լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում, հաղորդում է Կինոարվեստի ակադեմիայի կայքը։
Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թելուրիդի 50-րդ կինոփառատոնում։ 2023 թվականի նոյեմբերին «Վերանորոգման վերջին խանութը» ճանաչվել էր լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ Նյու Յորքում կայացած Critics Choice վավերագրական մրցանակաբաշխության ժամանակ։
«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ մարտի 10-ին։ Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» թրիլլերը։ Ֆիլմի հեղինակ Նոլանն «Օսկար» է ստացել «Լավագույն ռեժիսոր», իսկ գլխավոր դերակատար Կիլիան Մերֆին՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էմմա Սթոունը՝ «Աղքատներն ու դժբախտները» ֆիլմում դերակատարման համար։
«Վերանորոգման վերջին խանութը» պատմում է Լոս Անջելեսում երաժշտական գործիքների վերանորոգման ուսանողական խանութի մենեջեր Սթիվ Բագմանյանի մասին։ Ֆիլմի ռեժիսորներն են Օսկարի առաջադրված ռեժիսորներ Բեն Պրուդֆութն ու Քրիս Բոուերսը։
Իր անվանակարգում «Վերանորոգման վերջին խանութ»-ը մրցում էր «Գրքերի արգելման այբբենարան»-ի, «Վարսավիր՝ Լիթլ Ռոքից»-ի, «Կղզին նրանց միջև»-ի և «Տատին ու տատիկը» ֆիլմերի հետ։