Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարին մեղադրում է մանկապարտեզի առանձին տարածքներ ապօրինի օտարելու, հափշտակելու և շուրջ 19 մլն դրամի փողերի լվացման մեջ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հայտնում են կոմիտեից։
Կոմիտեն չի հայտնել թաղապետի անունը՝ մանրամասնելով ենթադրյալ հանցագործությունը կատարելու հանգամանքները։
Նշվում է, որ համայնքի նախկին ղեկավարը նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու նպատակով 2018-ի փետրվարին կեղծ տվյալներ բովանդակող տեղեկանքի է կազմել, որի հիման վրա Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ նշված տարածքը նվիրաբերվել է Ա. Շ.-ին: Ըստ մեղադրանքի՝ Ա. Շ.-ն 18.720.000 ՀՀ դրամ շուկայական արժեքի գույքը 2019թ. նվիրատվության պայմանագրով փոխանցել է վարչական շրջանի ղեկավարի դստերը։
Ըստ կոմիտեի՝ համայնքի նախկին ղեկավարի մեկ այլ նախագծով մանկապարտեզի 11.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը նվիրատվությամբ օտարվել է իր աշխատակցին։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացրել Քրեական օրենսգրքի 178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով)։
Համայնքի նախկին եկավարի մտերիմին՝ Ա. Շ.-ին, մեղադրանք է առաջադրվել 38-178‑րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությանը հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով):