Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարել է Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի անարդար մրցավարության մասին և հայտնել, որ պատրաստվում են այդ հարցով դիմել պատկան մարմիններին:
Նրա խոսքով՝ «մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ «արդար» մրցավարներն աչքի են ընկել աճպարարական բարձր վարպետությամբ»։
Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ վարկանիշային այս մրցաշարին հայ մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու կարող էին նվաճել առնվազն 3 ուղեգիր, «բայց «արդար» մրցավարներն իրենց սև գործն են արել»։
«Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարներն անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին»,- պատմում է Հովսեփյանը։
Նա հավելել է, որ դիմելու է բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև քննության առնեն այդ մենամարտերը։
Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ուղեգրի համար պայքարում էին Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):
Մրցաշարին հայտավորվել էին 113 երկրի բռնցքամարտիկներ։ Յուրաքանչյուր քաշային կարգում կիսաեզրափակիչ հասնելու և Օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ էր հաղթել առնվազն 4 մենամարտ։