Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը խոսել է Երևանի հետ հարաբերությունների մասին՝ կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելու պայմաններում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Տասմագամբետովը տեղեկացրել է, որ կազմակերպության կողմից ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՀԱՊԿ-ում նշել էին, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։