Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները։ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել, որ սահմանապահների հետագա աշխատանքի վերաբերյալ ՌԴ-ին ուղղված նամակը, որի մասին մարտի 6-ին հայտնել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ավելի շատ շնորհակալության նամակ է։
«Նամակում Հայաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին օդանավակայանում անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար»,- հավելել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ սահմանապահ զորքերը սահմանային հսկողություն իրականացնելու բավարար փորձ ունեն։
«Մասնավորապես՝ «Զվարթնոց»-ում մեր սահմանապահները բավարար փորձ և հմտություններ են ձեռք բերել և կարող են օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնել առանց ռուսական կողմի ջակացության»,- ասել է Փաշինյանը։
Մարտի 12-ին Կրեմլը հայտարարել է, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքները դադարեցնելու մասին։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։ Մարտի 5-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին հաղորդագրությունները։