«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ», պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կապերը Երևանի հետ շարունակվում են։
«Իսկապես, այս կապակցությամբ ստացվել է գերատեսչական գրություն, և այժմ գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում», – հայտարարել է Պեսկովը և հավելել, որ ավելին չի կարող ասել։
Նա նաև նշել է, որ բոլոր հնարավոր մակարդակներով շփումները Երևանի հետ կշարունակվեն։
Մարտի 12-ին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրատվամիջոցների հարցերին բացահայտել էր «Զվարթնոցի» ռուս սահմանապահների մասին ՌԴ-ին ուղղված նամակի բովանդակությունը։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։ Մարտի 5-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին հաղորդագրությունները։