Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին, որը բխում է մարտի 13-ին պատգամավորների կողմից ընդունված «ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացման անհրաժեշտության և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին» բանաձևից։ Բանաձևին աջակցել է 504 պատգամավոր, չորսը դեմ են եղել, 32-ը ձեռնպահ են մնացել։ Եվրախորհրդարանի նիստի ուղիղ եթերում տեսանյութը հասանելի է Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Փաստաթղթի հեղինակները՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցությունների պատգամավորները, կոչ են արել Եվրոպայի խորհրդին աջակցել Հայաստանի հետ համագործակցությանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության և պաշտպանության ոլորտում։
«Եթե Հայաստանը շահագրգռված է ստանալ թեկնածուի կարգավիճակ և շարունակել իր ժողովրդավարությունն ամրապնդող հետևողական բարեփոխումների ճանապարհը, դա կարող է ճանապարհ հարթել ԵՄ-Հայաստան հարաբերություններում համագործակցության փոխակերպման փուլի համար»,- ասվում է փաստաթղթում։
Բանաձևում նաև նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:
Փետրվարի 29-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ «Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի», ինչի կապակցությամբ էլ քննարկվում է ԵՄ անդամակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: