ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,- գրում է թերթը։
Թերթի հետ զրույցում Առուշանյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը՝ «հորդորելով նման հարցերով իրեն չզանգել և չանհանգստացնել»։
2022-ի մարտին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր արդարացնել Առուշանյանին և ազատել կալանքից։ Ըստ մեղադրանքի՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն զբաղեցնող Առուշանյանը դաշինքի օգտին առավելագույն ձայներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ երկու և ավելի ընտրողի կաշառք էր տվել: