Հայաստանը դեռ չի ստացել այն բոլոր միջոցները, որոնք խոստացել են տարբեր երկրներ՝ Արցախի տեղահանվածներին օգնելու համար, ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նա հավելել է, որ կառավարությունն արցախցիների վերաբնակեցումից հետո օգնության տրամադրման համար փորձել է մոբիլիզացնել բոլոր ջանքերը։
«Տեղահանությունից հետո մեր ջանքներն ուղղվել են միջազգային կոնսոլիադացիայի ավելացմանը՝ առավելապես բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար․ եղել են նամակներ, զանգեր, աշխատանք, որի արդյունքում բոլոր վերաբերելի համապատասխան մարմինները՝ ՄԱԿ-ից, ՄԱԿ-ից դուրս, մոբիլիզացրել են ջանքերը։ Միջազգային հանրությունն, ըստ էության, էական մասնակցություն է ունեցել»,- նշել է Միրզոյանը։
ԱՄՆ-ն 2025 թվականի բյուջեով նախատեսում է Հայաստանին 52 մլն դոլար հատկացնել։
Փետրվարի 13-ին Եվրամիությունը հայտարարել էր Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու որոշման մասին։ 2023-ի սեպտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր 500 000 եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրելու, հոկտեմբերի 6-ին՝ ավելի քան 5 միլիոն եվրո հավելյալ հումանիտար աջակցությունը կրկնապատկելու մասին։ Մարտի 2-ին ՄԱԿ-ը 2 մլն դոլար էր տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար։