Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մամուլի հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիևի խոսքով՝ հայ գործընկերների հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել։
Նա հիշեցրել է արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մարտի 7-ի հանդիպումը սահմանների սահմանազատման հարցի շուրջ՝ նշելով, որ դա խոսում է կարգավորման լավ հնարավորության մասին։
«Կարծում եմ և հուսով եմ, որ շատ մոտ ենք բեկման, որը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս»,- նշել է Ալիևը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 17-ին ժամանել էր Ադրբեջան, որտեղ հայտարարել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորության մասին։ Մարտի 17-19-ը նախատեսված տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի Հայաստան։