ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակային նոր փաստաթղթի համաձայնեցման աշխատանքների շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը «հիմնված է լինելու փոխգործակցության խնդիրների վրա և հիմնական նպատակն Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարեցնելու ուղղությամբ համատեղ աշխատանքն է»։ Ստոլտենբերգը նշել է, որ Բաքուն և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, և կողմերը դիտարկում են հետագայում համագործակցությունը զարգացնելու այլ ոլորտներ ևս:
«Այս ամենը կմերձեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Ստոլտենբերգն ընդգծել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը զգալի ներդրում կունենա Բաքվի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում։ Հանդիպմանը Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել էր ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին, ինչպես նաև նշել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։ Կողմերը քննարկել էին կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Մարտի 19-ին նա կայցելի Հայաստան։