Հայաստանն ապրիլին կայանալիք «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթին կներկայանա «ՀԱՅելիցներ» թիմի «Գեղարդ» տեսանյութով, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կազմակերպած նախնական մրցույթի մասնակից 11-17 տարեկան պատանիները ներկայացրել են 41 աշխատանք, որոնցից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Նրանք մրցել են ազգային ժառանգության մասին տեսասահիկներով, կոմիքսներով, անիմացիոն սյուժեներով, նկարչական աշխատանքներով, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութերով։ Հաղթողին ընտրել է Հայաստանի և արտերկրի 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովը։
«Եվրոպական ժառանգության օրերի» (2024 թվականի հունվարի 21-ից 2025 թվականի ապրիլի 30) շրջանակում իրականացվող մրցույթին կմասնակցի Իտալիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Սլովենիան, Իսպանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ուկրաինան․ Եվրոպայի հաղթողը մայիսին կմեկնի Ստրասբուրգ։
Լավագույն 4 նկարչական աշխատանքները ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռուժի նախաձեռնությամբ ներկայացվել են Փարիզում կայացած «Հայ արվեստագետներ․ սկսնակ և կայացած» ցուցադրությանը։
Մրցույթին ներկայացված մյուս աշխատանքներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ: