Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում և ոչնչացնում հայկական մշակութային և պատմական հուշարձանները, ասել է Le Figaro-ի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։ Նա ընդգծել է Բաքվի վրա առավելագույն ճնշում գործադրելու, Ալիևի ռեժիմի դեմ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, «էթնիկ զտումներ իրականացրած երկրին պատժելու» անհրաժեշտությունը։
«Իմ խնդիրն ու պարտականությունն է այս մասին իմ հոդվածներով տեղեկացնել մշակութային և պատմական ժառանգության պահպանությունն ապահովող համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը։ Չնայած պատմական հուշարձանների ոչնչացումը կանխելու իրենց խոստումներին, այդ դեպքերը շարունակվում են»,- մարտի 18-ին Երևանի Ազգային գրադարանում Սիլվեն Տեսոնի ինքնակենսագրական վեպի հիման վրա նկարահանված «Սև ճանապարհների վրա» ֆիլմի ցուցադրությունից հետո ասել է Բյուսոնը։
Այդ հանցագործությունների համար պատասխանատվությունը կրում է ոչ թե ադրբեջանական ժողովուրդը, այլ Ադրբեջանի կառավարությունը՝ այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավոր շրջապատի գլխավորությամբ, նշել է Le Figaro-ի փոխտնօրենը։