Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը:
«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա։ Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա և կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար քաղաքական հիմքը պետք է լինի Ալմաթիի հռչակագիրը»,- ասել է նա։
Խոսելով Տավուշի 4 գյուղն Ադրբեջանին հանձնելու հնարավորության մասին՝ Փաշինյանը, ցույց տալով վերջին շրջանում իր մոտ պահվող քարտեզը, հայտնել է, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերն են անցնելու Ադրբեջանին։
Նա հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել Տավուշի մարզի սահմանային հատվածի լիարժեք սահմանազատումը։ Փաշինյանի խոսքով՝ Երևանը պատրաստ է սահմանազատման հայկական կողմից Բաղանիս գյուղի մոտ գտնվող հատվածում, ադրբեջանական կողմից գյուղի դիմաց Բաղանիս-Այրում բնակավայրն է։ «Աշաղի-Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է, Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ, իսկ Խեյրիմլի գյուղը դուրս է քարտեզից»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ խոսքը տարբեր գյուղերի մասին է: Այնուհետև Բերքաբեր գյուղն է (հայկական կողմում), իսկ դիմացը՝ Քըզըլ Հաջիլին (ադրբեջանական կողմում)։ Վարչապետը նշել է, որ այս բոլոր գյուղերն անկլավային չեն։ Նա ընդգծել է, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերը «միշտ կմնան Հայաստանի քարտեզի վրա»։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ Ոսկեպար գյուղի մասով սահմանազատման գործընթացի հետ կապված խնդիրներ կան գյուղի անվտանգության հետ՝ օրինաչափ համարելով բնակիչների բարձրացրած խնդիրները։ Նա նշել է, որ «Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկել քարտեզը, այն սխալ չեն համարել»։
Բաղանիս-Այրում, Աշագի-Ասկիպարա, Խեյրիմլի և Քըզըլ Հաջիլի գյուղերի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ դրանք խորհրդային տարիներին Հայաստանի քարտեզից դուրս են եղել, իսկ Աշաղի-Ասկիպարա և Քըզըլ Հաջիլի գյուղերը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մանրամասները՝ տեսանյութերում։