Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ արցախցիների արտագաղթը երկրից` մինչև նրանց վերադարձն Արցախ: Նրա խոսքով՝ տեղահանվածների՝ ընդդեմ իրենց բնակարանով ապահովելու կառավարության ծրագրի հանրահավաքն Արցախ վերադառնալու կամքի արտահայտություն էր:
«Գործնականում՝ մարդասիրական ծրագրերը պետք է ժամանակավոր, հավաքական և արժանապատիվ կեցություն ապահովեն Հայաստանում, որպեսզի զսպեն զանգվածային արտագաղթը երկրից և պահպանեն մեր ինքնությունն ու պայքարն ապագա վերադարձի համար»,- գրել է Բեգլարյանը և ընդգծել, որ հանրահավաքի ժամանակ հնչած պահանջներն ուղղված են եղել Հայաստանի կառավարությանը:
Բեգլարյանը հիշեցրել է, որ մարտի 20-ին Երևանում կայացած հանրահավաքում արցախցիները մարդասիրական և սոցիալական հարցերի լուծումներն ապահովելու իրենց պահանջներն ուղղել են հայկական իշխանություններին և միջազգային հանրությանը: Ակցիայի մասնակիցները նաև մերժել են միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքները հետ կանչելու իշխանությունների մտադրությունը, հավելել է Բեգլարյանը։
Մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը Armenia Today-ին հայտնել էր Արցախից տեղահանվածներին հատկացվող աջակցության վերանայման մասին։ Նրա խոսքով աջակցման նոր ծրագիր էր մշակվել, որը պետք է կքննարկեին կառավարության նիստին։
Մարտի 6-ին Բեգլարյանը քննադատել էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը և նրանց բնակարանով ապահովելու ծրագիրը և ասել, որ դա կբերի զանգվածային արտագաղթի։ Մարտի 12-ին նա հայտարարել էր մարտի 20-ին Երևանում նախատեսված հանրահավաքի մասին։
Մարտի 19-ի երեկոյան ԱՍՀ փոխնախարար Աննա Ժամակոչյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են առանց փոփոխության երկարաձգել տեղահանվածներին օգնության տրամադրումը մինչև 2024 թվականի վերջ։
Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի էր ունեցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հանրահավաքը՝ ընդդեմ արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրի։ Հանրահավաքի ավարտին Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հրապարակել էր հանրահավաքի միասնական հայտարարությունը, որը հանձնվել էր ՀՀ կառավարությանը։ Նախաձեռնությունը հույս էր հայտնել, որ 2 շաբաթվա ընթացքում կառավարությունը ներկայացրած պահանջները կքննարկի։