«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ իշխանություններն իրենց վրա են վերցնելու Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը, որոնք կարող են ծագել սահմանագծման և սահմանազատման գործընթացում։ Այսպես նա մեկնաբանեց Armenia Today-ի հարցը, թե խմբակցությունը քննարկե՞լ է Տավուշի մարզի այն գյուղերի բնակիչների մտահոգությունները, որոնց տները սահմանազատման արդյունքում կարող են մնալ ադրբեջանական կողմում։
«Մենք հիմա անցնում ենք մի պրոցես, որտեղ սահմանազատում ենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները։ Ես հասկանում եմ, որ տվյալ շրջանի գյուղերի բնակիչները կարող են ունենալ և ունեն մտահոգություններ, գուցե՝ վախեր։ Եվ այդ սահմանազատման ընթացքում, եթե առաջանան խնդիրներ, իշխանություններն ամեն ինչ անելու են նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, եթե այդպիսիք ի հայտ գան այս գործընթացի ընթացքում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
ՔՊ ներկայացուցիչը պնդեց, որ սահմանազատման արդյունքում շփման գիծը կվերածվի սահմանի, և դա կվերացնի հակառակ կողմից սադրանքներն ու ագրեսիան։
«Մենք շփման գիծը վերածում ենք սահմանի։ Իրավական առումով, երբ ասում ենք շփման գիծ, հասկանում ենք կրակոցներ, երբ ասում ենք սահման՝ հասկանում ենք խաղաղություն, սահմանապահներ, ոչ թե զինված ուժեր։ Հիմա մենք միջազգային «իրավական պատ» ենք կառուցում, որ երբ սահմանից այն կողմ կրակոց գա, կարողանանք միջազգային լծակներն օգտագործել, որովհետև շփման գծի այն կողմից կրակոց կարող է գալ, սահմանի այն կողմից՝ չի կարող»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ առանց մեկ միասնական համաձայնեցված քարտեզների սահմանազատում իրականացնելը ռիսկային է։
«Ռիսկեր միշտ էլ գոյություն ունեն, մենք չենք ասում, որ ոչ ռիսկային ճանապարհով ենք շարժվում, ո՛չ, ռիսկային իրավիճակ է, մարտահրավերներ կան, մենք հենց այդ մարտահրավերները լուծելու համար ենք այս ճանապարհով առաջ շարժվում»,- ասաց նա։
Նա պարզաբանեց, թե իշխանությունը դիտարկո՞ւմ է միջնորդների սահմանազատում իրականացնելու տարբերակը: Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ-ն պատրաստ է դիտարկել միջնորդների առաջարկները։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը միշտ բաց է հանդիպման և քննարկման միջնորդական առաջարկների համար։
«Մենք գտնվում ենք դինամիկ զարգացման փուլում և չենք կարող կառչել որևէ ժամանակահատվածում կայացված որոշումներից կամ իրավիճակից։ Առաջ ենք գնում՝ առաջնորդվելով Հայաստանի պետական շահերով։ Այս պահին գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որտեղ աշխատանքներ են տարվում և կայացվում են որոշումներ։ Արդյունքում՝ պետք է իրականացնենք այս գործընթացները։ Միջազգային գործընկերներից շարունակում ենք ակնկալել անվերապահ աջակցություն՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով, Հայաստանի տարածքային ամբողջականության և անկախության իմաստով և համագործակցում ենք նրանց հետ։ Տեսնում եք այդ համագործակցության արդյունքները հատկապես ԵՄ գործընկերների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։
ԱԺ պաշպանության և անվտանգության մշտական հանձնաժղովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ այն, ինչ սահմանազատման գործընթացով մեզ համար ընդունելի է, պետք է ընդունելի լինի նաև հակառակ կողմի համար։
«Ի վերջո, եթե կանգ ենք առնում Ալմաթիի հռչակագրի վրա, ապա այն էլ պետք է ունենա իր քարտեզը, ի վերջո՝ սովետական շրջանում ամենահավաստի քարտեզն ուներ ԶՈւ-ն, և կարծես թե Ադրբեջանը մի պահ համաձայն էր նաև 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց կան մեր պատմության ընթացքում շատ ավելի շահեկան քարտեզներ, օրինակ՝ 1926 թվականի քարտեզը, որովհետև իրավական առումով դրանք փոխվել են տարբեր որոշումների արդյունքում»,- նշեց նա։
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: